Հայաստանը միակ երկիրն է մոլորակի վրա, որտեղ եզդիները կրթվում են իրենց լեզվով. The National News

Տարածել՝

Եզդիներն Ակնալճում տոնում են Նոր տարին. նրանց օրացույցով 6771 թվականն է: Հայաստանում բնակվող եզդիական համայնքի մասին հոդված է հրապարակել The National News պարբերականը:

Ակնալիճը միշտ եղել է Հայաստանում բնակվող ամենամեծ ազգային փոքրամասնության՝ մոտ 35 հազարանոց եզդիական համայնքի կենտրոնը: Այս համայնքի համար նշանակալից իրադարձություն տեղի ունեցավ 2019-ին, երբ Հայաստանում բացվեց եզդիների ամենամեծ տաճարն աշխարհում:

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում Հայաստանի բոլոր քաղաքացիների հետ կողք կողքի մարտնչել են նաև եզդիական համայնքի ներկայացուցիչները, որի ժամանակ զոհվել է առնվազն 16 եզդի:

Եզդի ժողովուրդը նույնպես անցել է ողբերգության միջով: Եզդիների պատմության մեջ հիշատակվում է 74 ցեղասպանություն, որոնց մի մասը 2014-ին իրականացրել են «Իսլամական պետության» ահաբեկիչները Հյուսիսային Իրաքում: Ցեղասպանության մյուս դեպքերը տեղի են ունեցել 1915-ին՝ Հայոց ցեղասպանության ժամանակ:

Արևելյան Անատոլիայի հայկական գյուղերում Օսմանյան կայսրության զինվորների իրականացրած համակարգված սպանություններից տուժել է նաև եզդի ժողովուրդը: Շատերն ապաստան են գտել այժմյան Հայաստանում, որտեղ էլ եզդիական համայնք են ձևավորել: Ցեղասպանության տարիներին թուրքերը եզդիներին ստիպել են դավանափոխ լինել: Նույն փորձերն արվել են նաև անցյալ տարի:

Անցյալ տարվա պատերազմի ժամանակ հայերի կողքին կանգնելու նույնիսկ հարց չի առաջացել: Նրանց խոսքով՝ Հայաստանն իրենց երկիրն էլ է, որին վտանգ էր սպառնում: Եզդի համայնքը մեծ հպարտությամբ է կանգնել հայ եղբայրների կողքին:

Պարբերականը մեջբերում է եզդիական համայնքի ներկայացուցիչներից մեկի խոսքերը՝ «Մենք հին ժողովուրդ ենք, սակայն պետություն չունենք: 2014-ին Իրաքում տեղի ունեցած ցեղասպանության հետևանքով շուրջ 100 հազար եզդի փախստական դարձավ, ինչը ստիպում է գնահատել Հայաստանի նման անվտանգ վայրը: Հայաստանը միակ երկիրն է մոլորակի վրա, որտեղ եզդիները կրթվում են մայրենի լեզվով: Մեր բոլոր իրավունքները պաշտպանված են Հայաստանում: Այստեղ պահպանվում են եզդիների մշակույթը, կրոնը, ինքնությունը»:

Եզդիական համայնքը վստահ է, որ Հայաստանում իրենք ապագա ունեն: