Ազգային փոքրամասնությունների առումով խնդիրները շատ նուրբ են, կոշտ լուծումները ճիշտ կարող են չընկալվել. araratnews

Տարածել՝

araratnews.am-ը գրում է.

ԿԳՄՍ-ի տվյալներով՝ ՀՀ 571 պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում սովորում է ազգային փոքրամասնությունների 5285 աշակերտ:

Ազգային փոքրամասնություններին իրենց իրավունքների պաշտպանության հարցում առավելապես անհանգստացնում է հենց կրթության իրավունքը: Մասնագետների պակասի խնդիր. սա է անհանգստացնում եզդիներին, ասորիներին ու քրդերին, թեև, մասնավորապես եզդիներն ու քրդերը չեն իրացնում իրենց կրթության իրավունքը:

Վաղ ամուսնություններ, կրթության ոչ շարունակականություն, ինչի հետևանքով էլ իրենց մայրենի լեզվի մասնագետների պակաս են ունենում:

«Սինջար» եզդիների ազգային միավորում ՀԿ-ի անդամ  Համլետ Սմոյանը մասնավորապես նշում է, որ  իրենք չեն կարողանում իրացնել իրենց կրթության իրավունքը հիմնականում վաղ ամուսնությունների պատճառով, ինչը համատարած բնույթ է կրում: «Դա ոչ թե իրավունքի ոտնահարում է, այլ  գալիս է հենց եզդիներից: Օրենսդրորեն ոչ մի արգելք չկա, որ եթե անձը ամուսնացել է, ապա չի կարող ուսումը շարունակել,  բայց առկա է օրենքի իրացման խնդիր: Բացի այդ, վաղ ամուսնության խնդիրը վերաբերում է ոչ միայն աղջիկ երեխաներին, այլ նաև տղաներին, իհարկե վերջին շրջանում տղաների շրջանում ամուսնության տարիքի շեմը բարձրացել է, սակայն դա էլ պայմանավորված է պարտադիր զինվորական զորակոչով, այսինքն՝ բանակից վերադառնում են, հետո են ամուսնանում»- ասաց նա:

Համլետ Սմոյանը նկատեց, որ կրթության բացը կապված է նաև նրա հետ, որ դրա իմաստը և կարևորությունը չեն հասկանում եզդիները: «Համայնքում մյուս խնդիրներն արդեն բխում են թերկրթված հասարակություն ունենալուց: Հայաստանը առաջին երկրներից է, որտեղ եզդիերենը դասավանդվում է դպրոցում, և տեսնում եմ պետական հաստատությունների կողմից շահագրգռվածություն՝ դպրոցներում եզդիերեն լեզվի դասերի որակը բարձրացնելու հարցում,  բայց այստեղ չունենք համապատասխան մասնագետներ»,- ասաց նա: Նա նաև նկատեց, որ թերկրթվածության պատճառով  է ՏԻՄ մարմիններում թերներգրավվածությունը:

«Ազգային փոքրամասնությունների առումով խնդիրները շատ նուրբ են, կոշտ լուծումները ճիշտ կարող են չընկալվել, քանի որ հենց մենք՝ եզդիներս, այդ խնդիրների վրա քաշել ենք «ազգային ավանդույթ» քողը, սակայն վստահաբար կարող եմ ասել, որ վաղ ամուսնությունը կամ կրթություն չստանալը եզդիների ազգային ավանդույթը չէ։ Քանի դեռ առանց կրթություն ստանալու Հայաստանում մարդ կարող է հարմարավետ ապրել և այդ մարդիկ չեն ցանկանում կոնֆորտ զոնայից դուրս գալ, այդ իսկ պատճառով իրենց անգրագիտությանը ասում են ազգային ավանդույթ»,- հավելեց Համլետ Սմոյանը:

Առավել մանրամասն՝  այստեղ