Հայաստանը բարձր է գնահատում Լյուքսեմբուրգի խորհրդարանի կողմից եզդիների ցեղասպանության ճանաչումը

Տարածել՝

Նոյեմբերի 18-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանն առանձին հանդիպումներ է ունեցել Լյուքսեմբուրգի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Իվ Կրուխտենի, ԵԱՀԿ ԽՎ, ԵԽԽՎ, ՆԱՏՕ ԽՎ Լյուքսեմբուրգի պատվիրակությունների ղեկավար Գուստի Գրասի, Կանաչների կուսակցության անդամ, պատգամավոր Շարլ Մարգի և Քրիստոնեա-սոցիալական կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ, պատգամավոր Լորան Մոզարի հետ:

Շնորհակալություն հայտնելով Լյուքսեմբուրգի խորհրդարանի կողմից եզդիների ցեղասպանությունը ճանաչող միաձայն բանաձևի ընդունման կապակցությամբ՝ դեսպանը պատգամավորներին հանձնել է Հայաստան-Լուքսեմբուրգ խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Սոնա Ղազարյանի և Հայաստանի եզդիական փոքրամասնությունը ներկայացնող պատգամավոր Ռուստամ Բաքոյանի երախտագիտական նամակը։

Դեսպանը կարևորել է Լյուքսեմբուրգի խորհրդարանի որոշումը, որը ցեղասպանության ոճրագործության պատասխանատուներին պատժելու, արդարադատությանը հասնելու, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված հստակ քայլ է։

Տ. Բալայանը խորհրդարանականներին տեղեկացրել է, որ Հայաստանի խորհրդարանը դեռևս 2018 թ. առաջինն է, որ ճանաչել է եզդիների ցեղասպանությունը և միջազգային ասպարեզում այս հարցում առաջնորդող դերակատարություն է ստանձնել։