Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի 2016 թվականի ապրիլին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու անձնական արիության համար N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի 2-րդ հրաձգային դասակի 2-րդ հրաձգային ջոկի գնդացրորդ, շարքային Քյարամ Քալաշի Սլոյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը:
Նոյեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում նախագահ Հարությունյանը հանդիպել է Քյարամ Սլոյանի հարազատների հետ ու հանձնել նրանց «Ոսկե արծիվ» շքանշանները:

Արարողությանը ներկա էին հերոսների հարազատները, մարտական ընկերները, Հայաստանում եզդիական համայնքի ներկայացուցիչները:
Արցախի նախագահը նաև շնորհակալություն է հայտնել եզդի ժողովրդին՝ ծանր օրերին մշտապես Արցախի կողքին լինելու համար:
