Այսօր եզդիները կանգնած են հայրենազրկման խնդրի առաջ. Հայաստանի Եզդիական Կրոնամշակութային կենտրոն «կրոնական կազմակերպություն»

Տարածել՝

Հայաստանի Եզդիական Կրոնամշակութային կենտրոն «կրոնական կազմակերպությունը» Իրաքում 2014 թվականին եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանության մասին․

Դարեր շարունակ եզդիները ենթարկվել են հետապնդումների, հալածանքների, և XXI-րդ դարը նույնպես չդարձավ բացառություն։ 2003-թ․ Սադամ Հուսեյնի վարչակարգի տապալումից հետո Իրաքը ընկղմվեց երկարատև ճգնաժամային իրավիճակի մեջ։ Պետության մեջ նկատվում էր կրոնական անհանդուրժողականության աճ, որին աջակցում էին կենտրոնական և տեղային իշխանությունները։ Կրոնական մոլեռանդ քարոզչությունը հանգեցրեց նրան, որ փոքրամասնությունները ինչպիսիք են՝ եզդիները, քիրստոնեաները (հիմնականում ասորիներ) և շաբաքները սկսեցին ենթարկվել ճնշումների և հետապնդումների։ Հատկապես այս քաղաքականությունից տուժեցին եզդիները և քրիստոնեաները, որոնք դարձան խոցման թիրախ տարբեր սունիական Իսլամ դավանող ահաբեկչական կազմակերպությունների կողմից։ Իսկ առաջին լուրջ ազդանշանը դարձավ 2007-թ․ Սինջարի ահաբեկչությունը, որին զոհ դարձան ավելի քան 500 եզդիներ։ Ահաբեկիչներից եզդիներին պաշտպանելու քողի տակ Սինջարի մարզ տեղափոխվեց Փեշմերգան՝ Իրաքյան Քուրդիստանի ռազմական միավորումները, սակայն այսամենը իրավիճակը չհանդարտեցրեց։ Եզդիները շարունակաբար ենթարկվում էին հարձակումների ահաբեկիչների կողմից, գլխավորապես ահաբեկիչները ակտիվացան Սիրիական քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո, և Սիրիա-Իրաքյան սահմանը իրանց վերահսկողության տակ վերցնելուց հետո պարբերաբար անցնում էին Իրաքյան սահման և ահաբեկչական գործողություններ կատարում։

2014-թ․ հունիսին «Իսլամական Պետության» կողմից Մոսուլի գրավումից և Սինջարից իրաքյան զորքերի փախուստից հետո իրավիճակը փոքրամասնությունների շուրջ սրընթաց սկսեց վաթարանալ։ Ջիհադիստները ոչ մեկ անգամ էին հայտարարում, որ գալով տարածաշրջան ստիպելու են եզդիներին Իսլամ ընդհունել, մերժելու դեպքում նրանց մահ է սպասվում։ Սկզբում այդպիսի հայտարարությունները սկցեցին լուրջ ընդհունել տեղի եզդիները։ Մինչ նրանց մի մասն ապարդյուն փորձում էր իշխանություններին ստիպել ստեղծել եզդիական զինված միավորում ԻՊ հարձակումները հետ մղելու համար, մյուս մասը սկսեց մտածել երկրից արտագաղթելու մասին։ Բայց Իրաքյան Քուրդիստանի իշխանությունները միջամտեցին իրավիճակին՝ վստահեցնելով եզդիներին, որ կպաշտպանեն իրենց մինչև վերջ։ Այդ նպատակների համար լրացուցիչ ուժեր ուղարկվեցին Սինջար՝ ամրապնդելով տեղական Փեշմերգայի զորամիավորմը, որոնց թիվը հասավ 8000 զինծառայողի: Փախուստի դիմած Իրաքյան բանակի կողմից տեղացի եզդիներին մնացած զենքը վերցվեց բնակչությունից, իսկ քրդական Փեշմերգան ստանձնեց ժողովրդի պաշտպանության պատասխանատվությունը։

2014 թվականի օգոստոսի 3 -ի գիշերը անհայտ պատճառներով քուրդ զինվորները դուրս բերվեցին Սինջարից, բնակչության տարհանում և նախազգուշացում չիրականացնելով: ԻՊ ահաբեկիչները ներխուժեցին Սինջար և Իրենց ճանապարհին գործնականում ոչ մի դիմադրության չհանդիպելով, մի քանի ժամվա ընթացքում գրավեցին տարածաշրջանի մեծ մասը և սկսեցին կատարել իրենց խոստումները: Համաձայն ՄԱԿ-ի զեկույցի, ահաբեկիչները ձգտել են «ոչնչացնել եզդիներին որպես էթնիկ խումբ»: Լոնդոնի Տնտեսագիտության և Քաղաքագիտության ինստիտուտի ուսումնասիրության համաձայն, 10 հազար եզդիներ զոհ են դարձել Սինջարում տեղի ունեցած ցեղասպանությանը, եզդի բնակչության ընդհանուր թվի մոտ 2,2% -ը սպանվել կամ առևանգվել է: Իրաքյան Քուրդիստանի կրոնական նախարարության կից եզդիների հարցերի հանձնաժողովի հրապարակած պաշտոնական տեղեկատվության մեջ նշվում է հետևյալը.

մինչև 08/03/2014-թ․ Իրաքում բնակվող եզդիների թիվը` 550 հազար մարդ․

ԻՊ -ի գործողությունների արդյունքում եզդի փախստականների թիվը ` 360 հազար մարդ․

Սինջար վերադարձած փախստականների թիվը՝ 150 հազար մարդ․

եզդի զոհերի թիվը `3545 մարդ․

որբերի թիվը `2745․

պայթեցված սրբավայրերի թիվը `68․

Իրաքից արտագաղթած եզդիների թիվը ` 100 հազար մարդ․

ահաբեկիչների կողմից առևանգված եզդիների թիվը ` 6417 մարդ (որից 3548 կին)․

ԻՊ -ի գերությունից ազատված եզդիների թիվը կազմում է 3092 մարդ․

3325 եզդիների ճակատագիրը դեռ անհայտ է․

Սինջարում, մինչ այժմ հայտնաբերվել է մոտ 82 եղբայրական գերեզման․

Այս տվյալները 03/05/2021թ․ դրությամբ են:

Եզդի փախստականների ճամբարների մեծ մասը տեղակայված են Իրաքյան Քուրդիստանում: Չնայած այն բանին, որ եզդիների ցեղասպանությունից անցել է 7 տարի, և Սինջարի տարածքն ամբողջությամբ ազատագրվել է ԻՊ -ից, Բաղդադի և Էրբիլի միջև քաղաքական տարաձայնությունների պատճառով տեղական ենթակառուցվածքները չեն վերականգնվել, և փախստականների մեծ մասը չի կարող վերադառնալ իրենց տները, արդյունքում, նրանցից շատերը շարունակում են ապրել անմարդկային պայմաններում փախստականների համար նախատեսված ճամբարներում, իսկ միջազգային հանրության օգնությունը միշտ չէ, որ հասնում է նրանց` տեղում առկա տարբեր կոռուպցիոն խնդիրների պատճառով: Այսօր հարյուրավոր եզդի փախստականներ գտնվում են Իրաքյան Քուրդիստանի, Սիրիայի և Թուրքիայի փախստականների ճամբարներում, որտեղ չկան նորմալ մարդկային պայմաններ:

Այսօր եզդիները կանգնած են հայրենազրկման խնդրի առաջ: Եզդիների պատմությունը, չնայած բազմաթիվ ցեղասպանությունների, դեռևս չի տեսել Մերձավոր Արևելքից նման զանգվածային արտագաղթ, և այս ամենը տեղի է ունենում համաշխարհային հանրության լուռ համաձայնության ներքո: