Տեսանյութ. Եզդիաբնակ գյուղերը 10 օր է խմելու ջուր չունեն, իշխանությունը խնդիրը չի լուծում, քանի որ ՔՊ-ն նախորդ տարի պարտվել է այդ գյուղերում

Տարածել՝

Արագածոտնի մարզի եզդիաբնակ Հակո և Գյալթո գյուղերը հայտնվել են անելանելի վիճակում: Արդեն գրեթե 10 օր է գյուղերը խմելու ջուր չունեն։ Այս գյուղերում խմելու ջրի ցանց իսկզբանե չի եղել։ Խմելու ջուր գյուղացիները ունեցել են բնակավայրերի սկբզնամասի աղբյուրներից, որոնց դիմաց ընտանի կենդանիների համար խմոցներ է կառուցված։ Այս օրերին գյուղացիներն իրենց խմելու ջուրը մեքենաներով հասցնում են գյուղեր, իսկ կենդանիների հարցը անլուծելի է դարձել։  

Հիշեցնենք, որ գյուղերը ջրի խնդիր ունեին նաև հուլիս ամսին։ Այն ժամանակ ջրազրկվել էին 15 օրով և միայն մամուլի հրապարակումներից հետո խնդիրը լուծվեց։ 

Գյուղացիները Dengeezdia.com-ի հետ զրույցում տեղեկացրեցին, որ իրենց գյուղի խմելու ջուրը ծառայեցնում են Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարական աշխատանքների ժամանակ․ «Մեր գյուղերի ջուրը տանում են Հյուսիս-հարավ ճանապարհի հողաշերտը թրջելու համար։ Իշխանություններին չի հետաքրքրում մեր խնդիրը»,-ասաց մեր զրուցակիցը։ 

Dengeezdia.com-ի տեղեկություններով գյուղի խնդիրները մարզային իշխանություններին հետաքրքիր չեն, քանի որ նախորդ տարի Արևուտ խոշորացված համայնքում (այս համայնքի մաս են կազմում նաև նշված գյուղերը) «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն պարտություն է կրել։