Եզդի տղան ամեն գիշեր լսում է իր մահացած մոր խնդրանքը

Տարիներ առաջ Dengeezdia թերթի տպագիր տարբերակի խմբագրությունը ստացել էր մի նամակ, որը ԱՐմավիրի մարզի մի եզդի տղայից էր: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատ բան չի փոխվել նամակի ստացման օրվանից ևս մեկ անգամ հրապարակում ենք այն: Նամակն ամբողջությամբ ստորև.

Այն ինչ ինձ հետ է տեղի ունեցել` տեղի է ունեցել շատ եզդիների հետ: Այսօր շատ եզդիներ հեռացել են իրենց կրոնից և հիմա մոլորված են ուրիշ կրոնների ճիրաններում:Իմ պատմությունը սկսվեց 2002 թվականին, երբ ես նոր էի ընդունվել Մանկավարժական համալսարան: Դպրոցում լավ էի սովորել և ծնողներս` չնայած չունեին հնարավորություն, սակայն պարտք անելով ինձ ուղարկեցին սովորելու: Համալսարան գնալուց հասկացա, որ իմ ընկերներից ֆինանսով հետ եմ մնում ու ինձ շատ վատ էի զգում: Մի օր դասից տուն գնացի` տանը ինչ որ անծանոթ մարդիկ կային` համակրելի մի կին և մի տղամարդ: Երկուսն էլ կոկիկ էին հագնված և գրական էին խոսում:Հասկացա, որ մայրս տարվել էր նրանց խոսակցությամբ և երբ նրանք գնացին` մայրս հիացած էր: Ինքը խեղճ կին էր և ճարտար խոսող մարդ շատ չէր տեսել, սովորական գյուղացի եզդի կին էր` իր առօրյա հոգսերով: Հաջորդ օրը դասից վերադառնալիս նորից այդ մարդիկ մեր տանն էին և մայրիկս նրանց համար սուրճ էր պատրաստել: Այս անգամ մայրս ավելի ուրախ էր` քան երեկ և որքան էլ զարմանալի է հայրս էլ էր միացել նրանց: Երբ մեր հյուրերը գնացին` փորձեցի խոսել ծնողներիս հետ: Երբ հարցրեցի ծնողներիցս, թե ինչու են այս մարդիկ սկսել մեր մշտական հյուրերը դառնալ` մայրս բարկացավ և ասաց, որ նրանք հարգարժան մարդիկ են և որ Աստծո խոսքն են բերել մեզ: Որքան էլ ես ապշած էի` ստիպված էի ձայն չհանել` ծնողներս էին: Փորձեցի հիշեցնել, որ մեզ Աստծո խոսք պետք է բերեն մեր շեխերն ու փիրերը և ոչ թե այս անծանոթ մարդիկ: Մայրս բարկացած ասաց, որ շեխերն ու փիրերը միայն գումար հավաքելու համար են գալիս և չեն խոսում կրոնի մասին, անիմաստ է անտեսել այս մարդկանց: Մայրս բարկացած ասաց, որ այս մարդիկ փորձում են մեզ օգնել և անգամ իմ ճանապարհածախսն են տվել ու ես վաղը կարող եմ հանգիստ դասի գնալ:Հայրս առավելապես ասելիք չուներ և գնաց դուրս այգում աշխատելու: Որքան էլ բարկացած լինեի` միևնույնն է հասկանում էի, որ մայրս ճշմարտությունն էր ասում և որ իրականում մեր հոգևոր ներկայացուցիչները կարծես անտարբեր են համայնքի նկատմամբ և նրանք չեն փորձում սերմանել մեր կրոնը եզդի հանրության մեջ:Մի քանի օր հետո հասկացա, որ ծնողներս անդառնալի դարձել են այդ երկու սատատաների գերիները և այլևս մոռացել են եզդիականության մասին: Ծնողներս ինձ համար խորթ էին դարձել, քանի որ ես ամեն պահի հիշում էի պապիս, որին այդքան շատ էի սիրում: Պապս միշտ ասում էր, որ եզդին իր կրոնով է ուժեղ և եթե կրոնը մեր փոխենք, ապա մենք այլևս մենք եզդի կոչվելու իրավունք չունենք: Պապս շատ էր պատմել, թե ինչպես են փախել դեպի Արևելյան Հայաստան կրոնափոխ չլինելու համար: Եվ ինձ համար դժվար էր տեսնել, թե ինչպես են առանց սրի ուժի ծնողներս փոխում իրենց կրոնը հեռանում եզդիական մաքրամաքուր կրոնից:Մի քանի ամիս անց մայրս դարձել էր նրանցից մեկը և անում էր այն, ինչ իրեն ասում էին իր քույրերն ու եղբայրները:Անհասկանալի ձևով մայրս հիվանդացավ: Մայրս չեր կարողանում այլևս ոչինչ անել, անգամ տեղից չէր կարողանում վեր կենալ: Մեր խնդրանքներին, որ թույլ տա իրեն տանել բժշկի նա բացասական արձագանք էր տալիս և մենք այդպես էլ չկարողացանք նրան տանել հիվանդանոց, իսկ նա շարունակում էր տանջվել: Հայրս էլ, որպես օրինավոր Եհովայի վկա, ոչինչ չէր անում և համոզված էր, որ Աստված ինչ որ բան կանի: Երկու ամիս անց մայրս մահացավ: Մորս թաղեցին` ինչպես քրիստոնյայի,և նա չթաղվեց իրական եզդու պես: Ամենավատ օրերս սկսեցին մորս թաղումից հետո: Ես ամեն օր նրան տեսնում եմ երազումս: Ամեն օր նույն երազը` մայրս մթության մեջ է և լալիս է: Նա աղաչում է իրեն փրկել տանջանքներից:Ամեն օր մայրս երազիս գալով խնդրում է գոնե մահվանից հետո փրկել իրեն այս տանջանքներից: Նա խնդրում է, որպեսզի իրեն վերահուղարկավորեն որպես եզդի, որպեսզի իր հոգին հանգստություն ստանա: Նա խնդրում է, իսկ ես հասկանում եմ, որ դա անհնար է, որովհետև այն արարողությունները, որ պետք է արվի, այլևս` անհնար է անել:Ինձ համար քնելն իրական դժոխք է դարձել, քանի որ գիտեմ նորից մայրս է գալու և խնդրելու է որպեսզի փրկեմ իրեն, որպեսզի ես անեմ բան, որը անհնար է: Հիմա ես իմ առաքելությունը այլ եմ համարում: Ես պետք է հնարավորինս շատ մոլորյալ եզդիներին փորձեմ պատմել իմ դժբախտության մասին: Ես պետք է փորձեմ գոնե հորս դուրս բերել աղանդավորների ճիրաններից: Իմ դժբախտ օրինակը տեսնելով կարծում եմ ամեն եզդի պետք է մտածի, թե ինչ է անում այս կյանքում: Չեմ ցանկանա, որ որևէ մեկը հայտնվի իմ դերում: Եվ հիմա որքան ուժ ունեմ ուզում եմ գոռալ և խնդրել, որ հետ կանգնեք սխալ ճանապարհից: Մի’ գնացեք մոլորյալների ճանապարհով, այդպես դուք հավերժ կործանվելու եք և կործանելու եք նաև ձեր հարազատներին:

Սիաբանդ Մհոյան. Արմավիրի մարզ

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*