Եզդիների Նոր տարի՝ Չարշամա սոր

Սարսալը եզդիների շրջանում նշվող Նոր Տարին է: Այն տոնում են արևելյան օրացույցի առաջին չորեքշաբթի օրը (ապրիլ)` Հուիլյան օրացույցին համապատասխան: Սարսալը հինավուրց տոն է, որը սկիզբ է առնում Միջագետքի հնագույն պաշտամունքներից, որոնց տարրերը մինչև այժմ պահպանվել են բազմաթիվ ժողովուրդների մոտ: Այս տոնը հայտնի է նաև այլ անվանումներով` Չարշամա Սոր, Աիդա Սարսալե, Սարսալա Թաուսի Մալաք, Աիդա Թաուսի Մալաք: Վերջին ժամանակներս ավելի հաճախ գործածվում է «Չարշամա Սոր» անվանումը, որը եզդիերենից թարգմանվում է որպես «Կարմիր Չորեքշաբթի»: Պետք է նշել, որ իրենք՝ եզդիները, նույնպես այս տոնը ասոցացրել են կարմիր գույնի հետ: Իրականում «Սոր» բառը նշանակում է տոն: Չարշամա Սորը գոյություն ուներ դեռ Հին Իրանում՝ Чахар Шанбэ Сури անվանմամբ, որը պահլավերենից թարգմանվում է «Չորեքշաբթիի տոնը» կամ էլ «Տոն չորեքշաբթի օրը»: Քանի որ հին Իրանում օրացույցները փոփոխվում էին, տոների ժամանակացույցը ևս տեղափոխվում էր: Սասանյանների մոտ օգտագործվում էր երկու օրացույց` «йайри»` 365 օր տևողությամբ, և «саредха»` 365.24224 օր տևողությամբ: Առաջինը նրանք անվանել են «ошмурдик», որը նշանակում էր «հաշվարկի համար նախատեսված, պիտանի», իսկ երկրորդը` «вихзакик», որը նշանակում էր «շարժական»: Հայտնի է, որ այդ տոնը նշվում էր տարվա վերջին չորեքշաբթի օրը: Վերջին երեքշաբթի օրվա երեկոյան մարդիկ հավաքվում էին և մինչև չորեքշաբթի առավոտ կրակ էին վառում, ցատկում դրանց վրայով՝ բացականչելով «Իմ դեղինը (հիվանդություն, գունատություն) քոնն է, իսկ քո կարմրությունը (կյանք, առողջություն)` իմը»: Այդ ծիսակատարությունը մինչ այժմ էլ պահպանվել է Իրանում. կատարվում է մարտ ամսին՝ Նովրուզից առաջ: Նովրուզ տոնը հին Իրանում նշվում էր ամբողջ ամսվա ընթացքում:

Հատկանշական է, որ Նոր Տարվա հետ կապված նմանատիպ տոն եղել է վաղ Միջագետքում (Բաբելոն, Ասորեստան), որի տարրերը ներթափանցել են հուդաիզմ, իսկ հետո նաև՝ քրիստոնեություն: Ի տարբերություն Իրանի՝ Բաբելոնում այդ տոնը նշվում էր Նիսան ամսին (ապրիլ): Մերի Բոիյսը գրում է. «Բաբելոնացիները նույնպես Նոր Տարին սկսում էին գարնանը, իսկ ըստ այդմ կարելի է ենթադրել, որ աքեմենացիները ևս կազմակերպում էին իրենց «Նոր օրվա» տոնը այդ ժամանակ` ամսվա սկզբին, որը, ըստ Գրիգորեան օրացույցի, համապատասխանում է մարտ-ապրիլ ամիսներին: Այստեղ անհրաժեշտ է նշել, որ Նոր Տարվա ամիսը` մարտից ապրիլ, նախատեսված է ննջեցյալների հոգիների հիշատակության համար՝ фраваши: Եզդիների մոտ ևս ընդունված է «Կարմիր չորեքշաբթիի» ժամանակ մրգերով և համեղ ուտեստներով այցելել մահացածների շիրիմներին: Եզդիական Սարսալը ավելի է համապատասխանում բաբելոնական Նոր Տարուն, և այդ տոները նշելու շատ տարրեր համընկնում են: Այսպիսով, կարելի է ասել, որ այս բոլոր տոները կապված են գարնան, ցանքի, կյանքի և բերրիության պաշտամունքի հետ:

Ինչ վերաբերում է Չարշամա Սոր տոնին, ապա տարբեր տարածաշրջանների եզդիները այն տարբեր կերպ են նշում: Ըստ եզդիական սուրբ տեքստերի՝ այն Թաուսի Մալաքի՝ հրեշտակների առաջնորդի տոնն է, ով Աստծո կամոք պարարտացնում, կյանք է տալիս հողին: Տոնի նախօրեին բոլորը պատրաստում են համեղ ուտեստներ, իսկ Նոր Տարվա գիշերը և դրան հաջորդող օրը կերակուրը օրհնվում է: Եզդիները ասում են, որ Նիսան (ապրիլ) ամիսը համարվում է տարվա հարսը: Այդ իսկ պատճառով եզդիներին խստիվ արգելվում է հարսանիք անել այդ ամսին: Ըստ նրանց հավատամքի՝ ապրիլին հողը պետք է փորված և նախապատրաստված լինի ցանքի համար: Այդ ժամանակ եզդիները հարգում են իրենց ննջեցյալների հիշատակը: Նախօրեին նրանք թխվածքներ և հաց են թխում, դրանք բաժանում կարիքավորներին կամ հարևաններին: Իսկ առավոտյան մրգերով և համեղ ուտելիքներով ուղևորվում են դեպի հանգուցյալների գերեզմանները: Երիտասարդները դաշտերից հավաքում են ապրիլյան ծաղիկներ, փնջեր կապում և կախում տան մուտքի դռան վերևում` ի նշան այդ տան անդամների լուսավորվածության և Թաուսի Մալաքի համար ընծա լինելու: Առավոտյան բոլոր տները գեղեցիկ զարդարված են լինում, իսկ տանտիկինը մատուցում է կարմիր, դեղին և կանաչ ներկված ձվեր, որոնք խորհրդանշում են կյանքը և աշխարհի բազմազանությունը: Հենց նույն այդ օրը գյուղացիները դուրս են գալիս դաշտ և տարածում ձվերի կեղևները ողջ դաշտով մեկ, որպեսզի այդ տարի հողը առատ բերք տա: Բացի դրանից, հովիվները, որպես խմորիչ, մի քիչ թթված կաթ են պահում ողջ տարվա համար:

Այս տոնից հետո մեկ ամսվա ընթացքում եզդիական գյուղերում նշում են սրբերի տոները, այսպես կոչված՝ Տավաֆը: Համընդհանուր ցնծություն է տիրում բոլոր գյուղերում: Եզդիները խմբերով հավաքվում են, զուռնա-դհոլ նվագում ու պարում: Լալեշում այս տոնի ժամանակ հոգևոր սպասավորները կարդում են աղոթքներ և օրհներգեր, իսկ երեկոյան վառում են յուղե ճրագներ: Եզդիական Լալեշ տաճարը գտնվում է մեկ ելք ունեցող խորը գեղատեսիլ հովտում: Գագաթների զառիթափերը ծածկված են ընկույզի, թթի և ձիթապտղի ծառերով: Մշատ, Արաֆատ, Մշրուգիա և Խազրատ լեռների երկու կողմերով ձգվում են ոչ մեծ կառույցների շարքեր, որոնցում տոնի օրերին հանգրվանում է այն ժողովուրդը, որը գալիս է սրբավայրին խոնարհվելու: Ստորգետնյա աղբյուրից բխող ջուրը, որը անձավների ոլորուն ցանցով հոսելով դուրս է գալիս հին տաճարի բոլոր աշտարակների մոտից, իր վրա կրում է սրբազանության կնիքը: Դեպի տաճար տանող միջանցքները զարդարված են քարի վրա փորագրված տարբեր խորհրդանիշերով: Կենտրոնում է գտնվում մեծ կամարակապ սրահը, որի յոթ կամարները իրենց վրա են կրում գմբեթը: Անհիշելի ժամանակներից աշխարհի բոլոր անկյուններից այստեղ են գալիս գիտելիքի տենչ ունեցող մարդիկ: Այդ տոնի ժամանակ Լալեշի և մոտակա շինությունների պատերին գիշերը պատրույգներ են վառվում: Լալեշի հովտում շողում են հարյուրավոր լամպերի լույսեր, որոնք յուրահատուկ, փառահեղ գեղեցիկ տեսք են հաղորդում հովտին:

Նախկին ԽՍՀՄ երկրների եզդիները Նոր Տարին նշում են մարտ ամսին՝ գարնանային գիշերահավասարին մոտ: Եզդիները հաշվի են առնում երեք սուրբ չորեքշաբթիները և դրանք անվանում են օխրչարշամ, ախրչարշամ և կարաչարշամ: Այս երեք սուրբ չորեքշաբթիները համընկնում են հին իրանականի հետ: Եթե կարաչարշամը ԽՍՀՄ երկրների եզդիների համար մարտ ամսին է, ապա մյուս եզդիների համար այն ապրիլին է: ԽՍՀՄ երկրների՝ Սարիադ տարածաշրջանից սերող եզդիներին Չարշամա Սոր տոնը հայտնի չէր, սակայն այս տոնի տարրերը պահպանվել և ձուլվել են Կլոճա Սարե Սալե տոնի հետ:

Հեղինակ՝  Բորիս Մուրազի

Տեղեկությունների ճշտումը Վրաստանի եզդիների հոգևոր առաջնորդ Դմիտրի Փիրբարիից

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*