Video.Հայաստանի առաջին հանրապետության եզդի պատգամավորը

1918թ. մայիսյան հաղթական հերոսամարտերի մասնակից, Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի անդամ, ռազմական, քաղաքական և ազգային խոշոր գործիչ Ուսուբ Բեկ Թեմուրյանցը 1896 թվականից եղել է Անդրկովկասի եզդիների առաջնորդը, իր գործունեության ողջ ընթացքում ամրապնդել է հայ և եզդի ժողովուրդների բարեկամական կապերը, ծառայել հայոց պետականության վերականգնման և կայացման մեծ նպատակին` դրա մեջ տեսնելով նաև իր ազգակիցների ապահով կյանքն ու ապագան:

            Պատանեկան տարիքից մտերիմ լինելով հայ մեծանուն երգահան Կոմիտասի հետ` Ուսուբ Բեկը նրան ամեն կերպ օժանդակել է գրի առնելու հայ և եզդիական երգարվեստի բազմաթիվ նմուշներ, որոնք Կոմիտասի շնորհիվ դարձել են հայ և եզդի ժողովուրդների երաժշտական արվեստի իսկական գլուխգործոցներ: Այս փաստն իրենց հուշերում վկայել են ժամանակակիցները` անվանի մտավորականներ Փանոս Թերլեմեզյանը և Խաչատուր Կանայանը:

            Ուսուբ Բեկը նույնպիսի ծառայություն է մատուցել նաև հայ արվեստին ու գիտությանը` 1912թ. Սուրմալուում հյուրընկալելով Պետերբուրգի ռուսական թանգարանի կողմից գործուղված հայ խոշոր պատմաբան, հնագետ և հայագետ Աշխարհաբեկ Քալանթարին: Վերջինիս վկայություններն իր կատարած աշխատանքի, Ուսուբ Բեկի օժանդակության մասին պահպանվում են Հայաստանի ազգային արխիվում:

            Արգասավոր և հետաքրքիր է Ուսուբ Բեկի կենսագրությունը: 1917թ. գարնան, ամռան ամիսներին Ուսուբ Բեկն իր հեծյալ զորաջոկատով մասնակցում է Արևմտյան Հայաստանում թուրքերի դեմ մղված կռիվներին, Գարեգին Նժդեհի հետ համատեղ Կողբում և Ալաջայում մարտնչում թշնամական հրոսակախմբերի դեմ: Նույն տարվա աշնանը Նժդեհի հետ մեկնում է Թիֆլիս և նրա միջոցով ծանոթանում, կապեր հաստատում Հայոց Ազգային Խորհրդի անդամների` Ավետիս Ահարոնյանի, Արամ Մանուկյանի, Ռուբեն Տեր-Մինասյանի, Սիմոն Վրացյանի և այլոց հետ:

            1918թ. մայիսին Ուսուբ բեկն իր գլխավորած եզդիական ջոկատով, Մովսես Սիլիկյանի հրամանատարությամբ գործող Երևանյան զորաջոկատի կազմում, մասնակցում է Սարդարապատի, ապա Ապարանի հերոսամարտերին: Դրսևորած քաջության և խիզախության համար դիվիզիայի հրամանատարի 1918թ. նոյեմբերի 7-ի թիվ 34 հրամանով պարգևատրվում է մարտական բարձր շքանշանով` «Գեորգիևյան խաչի» 4-րդ աստիճանով:

            1918-20թթ. Ուսուբ Բեկը եղել է Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի անդամ` ընդգրկվելով Դաշնակցության ֆրակցիայի (խմբակցության) կազմում: Ծավալել է ազգաշահ, պետականամետ գործունեություն, իբրև պատգամավոր՝ կողմ է քվեարկել բոլոր հայանպաստ որոշումներին: Զբաղվելով օրենսդրական գործունեությամբ` Ուսուբ Բեկը միաժամանակ ծառայության մեջ էր նորաստեղծ հայոց բանակում, եղել է պորուչիկ, գումարտակի հրամանատար:

            Ուսուբ Բեկը մասնակցություն է ունեցել 1919թ. Երևանում գումարված Արևմտահայերի 2-րդ համագումարին և Հայաստանի գավառապետերի անդրանիկ համաժողովին ու ընտրվել է Սուրմալուի գավառային խորհրդի անդամ:

            1920թ. Ուսուբ Բեկի նախաձեռնությամբ Ալեքսանդրապոլում գումարվել է Հայաստանի եզդիների առաջին համագումարը, որն արժանացել է պետական ուշադրության: Բեկը եղել է համաժողովի փոխնախագահը և նպաստել կարևոր որոշումների ընդունմանը` ի շահ եզդի ժողովրդի կրթության և հասարակական գործունեության:

            Ուսուբ Բեկը, ինչպես ականավոր հայ քաղաքական, պետական շատ գործիչներ, չհամակերպվեց խորհրդային կարգերի հաստատման հետ և մասնակցեց համաժողովրդական Փետրվարյան ապստամբությանը այդ իշխանության դեմ, ապա տարագրվեց Պարսկաստան:

            «Դաշնակցականների հետ համագործակցած» Ուսուբ Բեկը 1921թ. աշնանը վերադարձավ Հայաստան, հայրենի Շամիրամ գյուղ: Նախկինի պես մեծ հեղինակություն էր վայելում իր ազգակիցների շրջանում, սակայն նրա հասարակական, քաղաքական գոծունեությանը վերջակետ էր դրված: Բազմաթիվ գործիչների թվում Ուսուբ Բեկը ևս ենթարկվեց բռնաճնշումների, բանտարկվեց, աքսորվեց: Բանտում ձեռք բերած ծանր հիվանդությունն էլ վաղաժամ մահվան պատճառ դարձավ: Ուսուբ Բեկը վախճանվեց Շամիրամում, 1934թ. հունվարի 12-ին:

            Հայաստանի անկախության հռչակումից հետո միայն հնարավոր դարձավ ճշմարտությունը ի հայտ բերել, ըստ արժանավույն գնահատել եզդի ժողովրդի մեծ զավակի կյանքն ու գործը: 2007թ. Ուսուբ Բեկի անունով կոչվեց Շամիրամ գյուղի դպրոցը:[1]

[1] Dengê Êzîdîa, Մայիս 2014, N4, Թերեզա Ամրյան

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*