Նոր գիրք եզդիների կրոնի մասին

Վերջերս տպագրվել է  ՄԱԷ նախաձեռնող խմբի անդամներ Ռոման Ավդոյանի ու Էմմա Սադոյանի «Եզդի ազգի կրոնն ու ազգային սովորույթները» գիրքը: Եզդիներն ունեն հարուտ կրոն ու մշակույթ , սակայն քչերն են տեղեկացված դրանից,  իսկ նմանատիպ գրքերը հնարավորություն են տալիս հարևան ժողովուրդներին ծանոթանալ եզդի ժողովրդի ու նրանց ավանդույթների հետ:

«Քանի որ Հայաստանում քիչ է ինֆորմացիան մեր ` եզդիներիս մասին, այդ իսկ պատճառով ինձ խորհուրդ տրվեց ստեղծել մի այնպիսի աշխատություն, որը կպատմեր մեր կրոնի ու մշակույթի մասի: Միանշանակ սկսեցի մտածել այդ ուղղությամբ, սակայն միայնակ դա անել հնարավոր չէր, այդ իսկ պատճառով դիմեցի իմ գործընկեր Էմմա Սադոյանին, որն էլ մեծ սիրով համաձայնեց ու գործի անցանք: Խորհրդակցեցի հոգևոր դասի ներկայացուցիչ Մաքսիմ Բաքոյանի և Շանգալի մի քանի հոգևորականների հետ, ովքեր էլ բավականաչափ նյութեր տրամադրեցին, սակայն կային նաև այլ նյութեր , որոնք ձեռք էին բերվել դեռ անցած տարվանից»,- DengeEzdia.com-ի հետ զրույցում ասաց Ռոման Ավդոյանը, հավելելով.«Այսօր ինքներդ լավ տեղեկացված եք, որ ոմանց ձեռնտու չի, որպեսզի մեր կրոնը ճիշտ մատուցվի աշխարհին և տարիներ շարունակ, իրենց այդ ցանկությունը իրագործվել է: Մեր նպատակն է նմանատիպ աշխատանքներով, եզդի ազգի շահերից բխող ծրագրերով և մտահղացումներով  ուղղակի վերացնել մեր կրոնին, պատմությանը և մշակույթին հասցված վնասը և բուժել հիվանդությունը: Միայն նման աշխատանքներով կարելի է  արդյունքի հասնել: Մեզ աշխարհին հավուր պատշաճի ներկայացնելու համար, նախ պետք է ներկայացնենք մեր անցած հարուստ ուղին, որը ունենք, գեղեցիկ կրոն և մշակույթ, որը ևս ունենք, պետք է պարզապես  ջրի երես հանել»:

Մշակույթի նախարարության շնորհիվ, գիրքը տեղ է գտել  նախարարության հովանու ներքո գտնվող մի շարք գրադարաններում: Գրքում մանրամասն ներկայացված է եզդիների տոներն ու ծեսերը: Այն առաջին հայալեզու գիրքն է, որ բավականաչափ ամփոփ ու մանրամասնորեն ներկայացնում է  ազգային ավանդույթներն ու սովորությները:  Գրքում բացի հիշյալ թեմաներից, աղյուսակի ձևով ներկայացված են նաև եզդիների սրբավայրերը, շանգալյան ցեղասպանությունից հետո տարբեր տեղերում պատսպարված եզդի փախստականների ճամբարների ցանկը, եզդիական գյուղերի ու հերոսների մասին տեղեկություններ:
Այս գրքի մասին իր կարծիքը հայտնեց մշակութաբան Սոնա Խաչատրյանը, ասելով.«Մենք եզդիների հետ ապրում ենք կողք կողքի, սակայն շատ քիչ բան գիտենք իրենց մասին: Նման գրքերի հրատարակումը և տարածումը կարևոր է հենց դրանով, որ ավելի ճանաչելի է դարձնում մի ժողովրդի, որն ունի իր յուրահատուկ մշակույթը, կրոնը, ավանդույթները: Թե որքանո՞վ գիրքը ինչ որ բան կփոխի եզդիական համայնքում՝ դժվարանում եմ ասել: Կարծում եմ՝ եզդիներն ավելի ճիշտ կպատասխանեն այս հարցին: Ես այսօր տեսնում եմ հրաշալի եզդի երիտասարդների, ովքեր մեծ աշխատանք են կատարում Հայաստանում: Հենց նման աշխատանքի արդյունք է Ռոմանի և Էմմայի այս գիրքը»:

Հասարակական կյանքում կնոջ ներգրավվածությունը մեծ նշանակություն ունի, այս առումով գրքի հեղինակ Էմմա Սադոյանն ասաց.«Շատ կարևոր է, որ եզդի համայնքի մեջ ակտիվություն ցուցաբերեն նաև իգական սեռի ներկայացուցիչները, և դա թող բացասաբար չնդունվի համայնքի ներսում, քանի որ իմ կարծիքով կինը շատ բան կարող է փոխել և նրան պետք է ուղղակի  գործելու հնարավորություն տրվի: Ես չեմ ընդունում այն փաստը, որ կինը չպետք է զբաղվի համայնքի խնդիրներով և նրա տեղը խոհանոցն է միայն: Որքան լավ կլիներ, որ ամեն մի սպորտաձևում ունենաինք կին մարզիկ, կամ հասարակական և քաղաքական գործիչներ: Ժամանակն է, որ այն իրավունքները, որոնք վերապահված են տղամարդուն, այդ նույն իրավունքներով օժտված լինեն նաև կանայք, և այդ ամենին հասնելու համար, նախևառաջ պետք է կրթական մակարդակը բարձրացնել»:

 

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*