Ջահանգիր աղա. Սարդարապատի հերոս հրամանատարներից մեկը

Ջահանգիր աղան ծնվել է 1874 թվականին Վանի գավառի Չիբուղլի գյուղում, եզդի ցեղապետ Խատիֆ աղայի ընտանիքում: 1904 թվականին առաջին անգամ Ջահանգիր աղան հանդիպում է Անդրանիկ Օզանյանին: Անդրանիկը, իմանալով, որ Ջահանգիրը նշանված է և շուտով պետք է ամուսնանա, ցանկություն է հայտնում լինել նրա հարսանիքի քավորը: Այստեղից էլ սկսվում է նրանց բարեկամությունը: Ջահանգիր աղան Վանի գավառում 12 եզդիաբնակ գյուղերի ղեկավարն էր: Ցեղասպանության տարիներին նա ապահովում էր գաղթականների անվտանգությունը: 1915 թվականին Ջահանգիր աղան ինքն էլ գալիս է Արևելյան Հայաստան և բնակություն հաստատում Ապարանի Ջառջառիս գյուղում: Ջահանգիր աղան անգնահատելի ներդրում ունի Սարդարապատի և Բաշ-Ապարանի ճակատամարտերի հաղթանակի գործում: Այդ մարտերի ժամանակ Ջահանգիր աղան կարողացավ միավորել եզդիական ուժերը և 2 հազար հոգուց կազմված  հեծյալ ջոկատով մասնակցեց ճակատամարտի ողջ ընթացքին: Ջահանագիր աղան այս մարտերին մասնակեցել է իր 1500 հոգանոց հեծելազորով: Ջահանգիր աղան մասնակցել է նաև Կարսի, Սարիղամիշի մարտերին: Անձամբ վրեժխնդիր է եղել  թուրքերից` սպանելով Ֆերիկ փաշային: Պարգևատրվել է «Գեորգիևյան» խաչով: 1938 թվականին աքսորվել է Սիբիր, որտեղ էլ 1943 թվականին մահացել է:

            Հայ-եզդիական բարեկամությունը ամրապնդվել էր դեռևս Մեծ եղեռնի օրերին և դրանից առաջ, իսկ այդ բարեկամության հիմքը դրվել էր Ջահանգիր Աղայի և Անդրանիկ Զորավարի քավոր-սանիկությամբ: Ջահանգիր աղան մինչև վերջ հավատարիմ մնաց հայ-եզդիական բարեկամությանը և Անդրանիկի հետ ակտիվորեն մասնակցեց ազատագրական և պաշտպանական մարտերին: Ջահանգիր աղան Անդրանիկի հետ մասնակցել է 1915 թվականին Հասան ղալայի Դիլմայի ճակատամարտին, և  արդյունքում նրանք հաջողության են հասել: Այդ օրերին Անդրանիկի և Ջահանգիր Աղայի բարեկամությունը ավելի ամրապնդվեց, և արդյունքում Սարդարապատի օրերին Ուսուբ Բեկի հետ միասին նրանք կռիվներ մղեցին թուրքական ուժերի դեմ: Հավատարիմ մնալով հայ-եզդիական բարեկամությանը՝ նրանք կարողացան հետ մղել թուրքական գրոհները: Եղեգնուտի ուղղությամբ մահմեդական բնակչության շարժը կանգնեցնելու գործում իր դերակատարումն ունեցավ նաև Ջահանգիր աղան, ով իր հեծյալներով հետ մղեց թուրքական գրոհը, որը շարժվում էր Արաքս կայարանի ուղղությամբ: Այդ ժամանակ, երբ հակահարձակման անցավ Սարդարապատի գունդը, Սարդարապատի երևանյան ջոկատի հետ միասին կռվում էին նաև եզդիական ջոկատները: Հիշենք, որ Սարդարապատի հերոսամարտի օրերին հայկական ուժերը շարունակեցին գրոհը, և, ինչպես գիտենք, Սիլիկյանը պլան էր մշակել, որի համաձայն՝ պետք էր Կարսը hետ գրավել: Սիլիկյանը գտնում էր, որ հարձակումը չպետք է դադարեցնել: Սակայն թուրքական 9-րդ բանակի ուժերը հարձակման անցան Համամբլուի ուղղությամբ, և արդեն 3-րդ դիվիզիան գրոհը ձեռնարկեց մեծաքանակ ուժերով: Սիլիկյանը ստիպված եղավ Սարդարապատի ճակատից հանել որոշակի ուժեր, դնել Դրոյի տրամադրության տակ և ուղարկել Բաշ-Ապարանի ճակատ: Հենց այդ ուժերի մեջ էին նաև Ջահանգիր աղայի ջոկատային ուժերը, որոնք փայլեցին Ալագյազի հետ գրավման ճակատում: Այստեղ պետք է հիշել նաև Ուսուբ Բեկի ուժերի կատարած աշխատանքը, որոնք կարողացան համագործակցել հայկական ուժերի հետ և միասին հետ մղել թշնամուն: Երբ թուրքերին հաջողվեց գրավել Ջամշլու կոչվող գյուղը, այստեղ նրանք սրի քաշեցին տեղի բնակչությանը, և որոշ տվյալներով՝ նաև մինչև 500-600-ի հասնող եզդիական բնակչությանը: Հակահարձակման շնորհիվ հայ-եզդիական ուժերին հաջողվեց ազատագրել Ալագազի շրջանի գյուղերը: Հենց այս ջոկատների մեջ էին նաև Ջահանգիր աղայի ուժերը, որոնք, իրենց վրա ընդունելով թուրքական ուժերի մի մասի գրոհը, կարողացան հետ մղել նրանց և անցնել հակահարձակման: Դա փայլուն համագործակցություն էր հայկական հիմնական ուժերի և եզդիական ջոկատների միջև, ինչի արդյունքում ազատագրվեց այս շրջանը:

            Ջահանգիր աղան և Ուսուբ Բեկը մեծ դերակատարում ունեցան նաև Հայաստանի առաջին հանրապետության կայացման գործում: Հայ-եզդիական բարեկամությունը նոր ուժով ամրապնդվեց Ղարաբաղյան պատերազմի օրերին, և 100 երիտասարդներ իրենց կյանքը նվիրեցին հանուն այդ հաղթանակի: Եզդիական համայնքը այդ օրհասական օրերին եղբայրական հայ ժողովրդի հետ միասին կռվի էր դուրս եկել, և միասին ապահովեցին հաղթանակը:

Հոդվածի հեղինակ  Բորիս Մուրազի

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*