Video. Շարքային Քյարամ Սլոյան. Սահմանը պահող եզդի հերոսը

Ապրիլյան քառօրյա պատերազմն աշխարհի ուշադրությունը սևեռել էր Արցախի ուղղությամբ: Ծայրահեղ անհանգիստ էր հայաստանյան հանրությունը: Բոլորն էլ գիտեին, որ մեր տղաները կանգնած են դավադիր թշնամու առաջ, ումից սպասելի է յուրաքանչյուր նենգություն, ով պատրաստ է ամեն ստորության միայն թե շղարշի այն վախը, որը նրա մեջ է դեռ 90-ական թվականներից: Ռազմաճակատից տագնապալի լուրեր էին գալիս… Լրատվամիջոցները հայտնեցին մեր կողմի կրած առաջին զոհերի մասին: Թշնամու դեմ պայքարի ժամանակ, անհավասար մարտում ընկել էր նաև  շարքային Քյարամ Սլոյանը:

Քյարամ Սլոյանը ծնվել է 1996 թվականի ապրիլի 27-ին, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում՝ եզդիների ընտանիքում։ Նրա հայրը՝ Քյալաշը, եղել է 1988-1994 թվականների Արցախյան պատերազմի ազատամարտիկ։ 2014 թվականին Քյարամ Սլոյանն առաջին զորակոչով ներկայացել է Աշտարակի զինկոմիսարիատ և անցել ծառայության Արցախի Հանրապետությունում: Քյարամը եզակի մարդ էր: Նա դեռ մանուկ հասակից սովորել էր ինքնուրույն իր խնդիրները լուծել: Հասկանում էր, որ ընտանիքը վատ սոցիալական պայմաններում է ապրում և պահանջներ ներկայացնելու փոխարեն՝ ինքն էր փորձում թեթևացնել ընտանիքի հոգսերը: Նա մեկ տարի ուշ էր հաճախել դպրոց, քանի որ ծնողներ չէին կարողացել դպրոցական հագուստ գնել: Մի ամբողջ տարի Քյարամը լուռ աշխատել էր, և երբ դպրոց հաճախելու ժամանակն էր եկել, իր քրտինքով վաստակած գումարով գնել էր ամեն ինչ, որպեսզի ընկերներից հետ չմնա.  «Իսկապես հրաշք երեխա էր: Դժվար է պատկերացնել մեկ այլ երեխա, որը փոքր տարիքից գիտակցի իր ընատնիքի հոգսը և ոչ միայն գիտակցի, այլև իր ջանքերով փորձի այն թեթևացնել: Քյարամը կայացած և զարմանալի ճկուն տղա էր: Նա կարողանում էր ելք գտնել ամեն դեպքում: Եվ որ ամենակարևորն է, շատ խաղաղասեր երիտասարդ էր»,-պատմում է Քյարամ Սլոյանի համագյուղացի, եզդի բանաստեղծուհի Հնարա Թաժդինը:

Դեռ մանկուց ինքնուրույն, հավասարակշռված և նպատակասլաց այս տղան նույն հանգստությամբ էլ ծառայության գնաց: Հասկանում էր, որ պետք է ծառայի և ինչպես հասակակից շատ տղաներ, պաշտպանի ծննդավայր Հայաստանի սահմանները: Ծառայությունը նրա  համար դժվարություն չէր: Ամեն անգամ իրեն զանգահարող ծնողներին և հարազատներին հանգստացնում էր ու վստահեցնում, որ ամեն ինչ շատ լավ է: Ուներ բազում ընկերներ, որ դարձել էին Քյարամի համար հարազատ եղբայրների պես:

Անսպասելի սկսված ապրիլյան պատերազմի օրերին Քյարամ Սլոյանը մարտական հերթապահություն էր իրականացնում Մարտակերտի հենակետերից մեկում: Քյարամը կռվել էր մինչև վերջին պահը: Կապիտան Արմենակ Ուրֆանյանի հրամանատարությամբ ծառայող Քյարամ Սլոյանն իր զինակիցների հետ միասին կարողացել է երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը։ Ադրբեջանական հատուկջոկատայինների գերազանցող ուժերի ճնշման տակ կապիտան Արմենակ Ուրֆանյանը անձնակազմին հրամայել է հեռանալ առաջնագծից, սակայն շարքային Սլոյանը, չենթարկվելով հրամանատարի հրամանին, շարունակել է պաշտապանական մարտը։ Ի վերջո դիրքապահ տղաները չեն կարողացել դիմակայել քանակապես տասնյակ անգամ գերազանցող ադրբեջանցիների գրոհին:

Քյարամը մորը խոստացել էր բանակից վերադառնալուն պես ավարտին հասցնել հայրական տան կառուցումը: Նրա այս երազանքը լսելուն պես ոտքի կանգնեց Հայաստանի ամբողջ հասարակությունը: Ձևավորվեցին տարբեր խմբեր, որոնք փորձում էին աջակցություն ցուցաբերել Քյարամ Սլոյանի ընտանիքին: Հանրությունը իսկապես համախմբված էր Սլոյանների ընտանիքի շուրջ: Քյարամի երազանքն ի վերջո իրականացավ: Կառուցվեց նրա հայրական տունը:  «Դուք չեք պատկերացնի, թե ինչ էր կատարվում այդ օրերին: Ես միայն հասցրեցի մի տող գրել նրա ընտանիքի կարիքների մասին, և հարյուրավոր մարդիկ արձագանքեցին: Բոլորն էին ցանկանում օգնել Սլոյաններին: Առաջ եկան մի քանի նախաձեռնություններ, որոնք հետագայում միավորվեցին մեր առաջարկությամբ, և Երևան քաղաքի սրտում Քյարամ Սլոյանի հիշատակին նվիրված համերգ տեղի ունեցավ: Հավաքված գումարները նույն օրը հասցվեցին Սլոյանների ընտանիքին»,- պատմում է նախաձեռնության համակարգող Բորիս Մուրազին` ավելացնելով, որ հայաստանյան հանրությունն այդ օրերին և դրանից հետո միահամուռ էր և վճռական.  «Ես հպարտ եմ, որ նման հանրության մի մասնիկն եմ: Հանրություն, որտեղ միմյանց նկատմամբ հոգատարության զգացում կա»:

Սլոյաններն իասկապես եզդիական համառության տեր մարդիկ են: Քյարամ Սլոյանի որդեկորույս հայրը չի պատրաստվում իր մյուս տղային ետ պահել զինվորական ծառայությունից: Հոր համոզմամբ, իր տղան կյանքը զոհել է հանուն հայրենիքի, ինչի համար իրենք հպարտ են: Հպարտ են, որ դաստիարակել են զավակ, ով միայնակ չի թողել իր հրամանատարին: Քյարամ Սլոյանի հրամանատար Արմենակ Ուրֆանյանի մայրը հիացած է իր որդու հրամանատարության տակ գտնվող զինվորի կատարած քայլով: Կապիտան ՈՒրֆանյանի մայրը մեծ ցանկություն ուներ տեսնելու Սլոյանների ընտանիքին և շնորհակալություն հայտնելու նրանց՝ հայրենասեր և ընկերասեր զավակ դաստիարակելու համար: Քյարամ Սլոյանը մահվան գնաց գիտակցաբար: Նա կարող էր ենթարկվել հրամանատարին և փրկել իր կյանքը: Ավելի շուտ՝ չէր կարող, նա չէր կարող անպաշտպան թողնել իր բաժին հայրենիքը: Քյարամը հերոս է… Հերոս հայ և եզդի ժողովուրդների և այդ ժողովուրդների բարեկամության մերօրյա խորհրդանիշը:

Հեղինակ` Բորիս Մուրազի

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*