Մահվան ծիսակարգն՝ ըստ եզդիների կրոնի. ինչ փոխվեց հայերի ցեղասպանությունից հետո

Գրեթե բոլոր մշակույթներում և քաղաքակրթություններում մահ հասկացությունը և դրա ըմբռնումը կարևորագույն դեր են խաղում հասարակարգի ձևավորման մեջ և հզոր ազդեցություն ունեն այդ հասարակությունում տեղի ունեցող փոփոխությունների վրա։ Մահվան առեղծվածը և դրա բացահայտման ձգտումը հանդիսացել է կրոնների ստեղծման կարևորագույն նախադրյալներից մեկը: Յուրաքանչյուր կրոնի հիմքում դրված է մահվանից հետո սկսվող կյանքը: Առանց մահվան գաղափարի առկայության և այդ գաղափարի շուրջ ձևավորվող առեղծվածի հնարավոր չէր լինի պատկերացնել կյանքը: Հենց մահվան գաղափարն է այդքան քաղցր, բաղձալի և կարևոր դարձնում կյանքը:
Մահվան գաղափարը տարբեր ժողովուրդների մոտ տարբեր կերպ է ընկալվում և դրա հետ կապված կրոնական ծիսակարգերը ևս տարբեր են: Եզդի ժողովուրդն, ինչպես բոլոր ժողովուրդները, ունի մահվան հետ կապված իր հատուկ ծիսակարգերը: Նախ պետք է նշել, որ յուրաքանչյուր եզդի, գիտակից դառնալուն պես, իր այս կյանքում սկսում է նախապատրաստվել իր մահվանը` իր համար ընտրելով Բրայե և Խուշկա ախրատե (հանդերձյալ կյանքի եղբայր և քույր): Պարտադիր է, որ այս անձինք ներկայացնեն եզդիական կրոնական կաստաները և լինեն կա՛մ շեյխ, կա՛մ փիր (Ի դեպ, պետք է նշել, որ եզդիական հոգևոր դասի ներկայացուցիչները ևս ունենում են իրենց հոգևորականները և հանդերձյալ կյանքի եղբայր և քույր: Եզդի կրոնավորն էլ իր ընտանիքի շեյխի և փիրի համար է համարվում աշխարհիկ, այսինքն` մրիդ): Հանդերձյալ կյանքի եղբայրը և քույրը պետք է ներկա լինեն մրիդի (աշխարհիկ դաս) կյանքի ամենակարևոր իրադարձություններին, տեղյակ լինեն մրիդի կյանքի կարևոր փոփոխություններին: Ըստ եզդիական կրոնի` մրիդի մահից հետո, երբ գալիս է Խոդեի (Աստծո) դատաստանի առաջ կանգնելու ժամանակը, հանդերձյալ կյանքի եղբայրը և քույրը պետք է վկայություն տան իրենց մրիդի կատարած լավ գործերի մասին: Նրանք պետք է, այսպես ասած, հիմնավորեն, թե ինչու պետք է իրենց մրիդը դրախտ մտնի: Հանդերձյալ կյանքի եղբոր և քրոջ կարևորությունը շեշտվում է մի քանի աղոթքներում: Վերջիններիս հետ ծանոթությունը ևս համարվում է Աստծո կամքը: Օրինակ` Qewlê îmanê bicînîşane աղոթքի 11-րդ տունը նվիրված է հենց հանդերձյալ կյանքի եղբորը և քորջը:
Têxeyale li me hisakey Çirêngure
Gava teyrê dewletê firî
Yar û birên axiretê nasbûnî ji me birî…
Եզդու մահվանից հետո ընտանիքի հոգևոր ուսուցիչները՝ շեյխն ու փիրը, հանգուցյալին պատրաստում են հանդերձյալ կյանքին: Հանգուցյալի մահվան օրը ընտանի կենդանու զոհաբերություն է կատարվում Նասրդին հրեշտակի պատվին (Նասրդինը մարդկանց հոգիներն առնողն է): Այնուհետև սկսում են հանգուցյալի համար մահվան հագուստ կարել: Հագուստը կարվում է սպիտակ բամբակյա կտորից և կոչվում է Քյաֆան: Քյաֆանը կարում է շեյխը: Երբ արդեն այս ամենը պատրաստ է, մահվան առաջին գիշերը հանգուցյալի մարմինը մաքրագործվում է աշխարհիկ կյանքի մեղքերից: Այս ծիսակատարությանը մասնակցում են ընտանիքի շեյխն ու փիրը: Մաքրագործության արարողությունն իրականացվում է ջրով: Մաքրագործվելուց հետո հանգուցյալին հագցնում են Քյաֆանը և փաթաթում պատանքով (հավելենք, որ այստեղ հետևում է ևս մեկ արարողություն, որն իրականացնում են միայն նախկին ԽՍՀՄ երկրներում բնակվող եզդիները, սակայն դրա մասին կխոսենք ավելի ուշ): Այս ծիսակատարությունից հետո, բացի հոգևորականներից, որևէ մեկն իրավունք չունի դիպչելու հանգուցյալին, քանի որ այդկերպ նրանք նորից հանգուցյալին կփոխանցեն աշխարհիկ մեղքեր:
Ահա այս ամենից հետո միայն հաջորդ օրը իրականացվում է բուն հուղարկավորության արարողությունը: Հարկ է նշել, որ համաձայն եզդիական կրոնի` արգելվում է այլադավան անձանց փորել գերեզմանափոսը, քանի որ այդկերպ հանգուցյալի մաքրագործված մարմինը կպատվի մեղքերով և անհնար կդառնա նրա դրախտ մտնելը: Մահվան թափորի առջևից քայլում է շեյխը և բարձրաձայն աղոթում Qewlêêzdîd աղոթքը` որպես վկայություն, որ դեպի երկինք ճանապարհ դրվողը եզդի է և Սլթան Էզդիդի հետևորդ: Երբ արդեն հանգուցյալի մարմինը գերեզմանափոսի մոտ է, շեյխը մոտենում է փոսին, վերցնում մի բուռ հող, այն փաթաթում սպիտակ կտորով և դնում հանգուցյալի գլխի տակ: Քանի որ ըստ եզդիական կրոնի` մարդը ստեղծվել է հողից, ապա պարտադիր է, որ նա այս աշխարհից իր հետ տանի նաև իր բաժին հողը: Այս ամենից հետո շեյխը փիրի հետ միասին արտասանում է Qewlê ser mergê աղոթքը: Այս աղոթքում նրանք ներկայացնում են մարդու ստեղծումը Աստծո կողմից և նրա կյանքը` մինչ մահ:
Rojekê ji rojane, werin Xelkê êrifî zane
Ji mirinê biden beyane,
Օրերից մի օր է, եկե՛ք, հավատքի՛ մարդիկ, մահվանը բացահայտում տվե՛ք…
Xelkê êrifî zane werin li van beyana bifikirin
Sinetekê ji mirinê hilgirin…
Հավատքի՛ մարդիկ, եկե՛ք, այս բացահայտումների շուրջ մտածեք: Մի թլպատվածի մահվանից վեր հանե՛ք…

Այս աղոթքից հետո հանգուցյալի մարմինն իջեցվում է գերեզմանափոսը և դագաղի վրա լցվում ջրով շաղախված հող՝ ի նշան այն հողի, որից Խոդեն ստեղծել է մարդուն: Այս արարողությունից հետո տրվում է հանգուցյալի հոգեհացը՝ խերը, որը նաև տարվում է 7 տարբեր տներ: Հոգեհացը ևս կարևոր բաղադրիչ է եզդիների մահվան ծիսակարգում: Հոգեհաց է տրվում նաև մեկ շաբաթ անց, ապա մահվան մեկ տարին լրանալու օրը, ինչպես նաև ամեն ազգային տոնին նախորդող երեք օրերին: Հուղարկավորությունից հետո մինչ մայրամուտը հանգուցյալի շիրիմին այցելության են գալիս ընտանիքի անդամները և կրակ վառում նրա շիրիմին: Շատերն այս ծիսակարգին սխալ մեկնաբանություն են տալիս` ասելով, որ այն արվում է, քանի որ եզիդները կրակապաշտ են: Իրականում սա մոլորություն է, եզդիները կրակապաշտ չեն, և այս արարողությունն այլ մեկնաբանություն ունի: Եզդիական կրոնում կենտրոնական տեղ են զբաղեցնում չորս տարրերը՝ հողը, ջուրը, օդը (Աստծո շունչը) և կրակը, որոնցից ստեղծվել, թրծվել և շունչ է ստացել մարդու անկենդան մարմինը: Եվ կրակն այս դեպքում հողից ստեղծված մարդու մարմնի թրծման՝ հասունացման, խորհրդանիշն է: Հանգուցյալի շիրիմին կրակ վառելը խորհրդանշում է նրա` լիովին պատրաստ լինելը հանդերձյալ կյանք անցում կատարելու: Այս ամենից հետո է, որ, ըստ եզդիական կրոնի, մարդու հոգին կանգնում է դատաստանի առաջ և պատասխան տալիս իր կատարած քայլերի համար:
Իսկ այժմ, ինչպես խոստացել էինք, անդրադառնանք մի ծիսակարգի, որն իրականացնում են միայն նախկին ԽՍՀՄ երկրներում բնակվող եզդիները: Այս ծիսակարգն անմիջական կապ ունի հայ ժողովրդի ապրած ցեղասպանության հետ: Ըստ եզդիական կրոնի` ամեն տղամարդ (եզդիական կրոնում մկրտվում են միայն տղամարդիկ) պետք է թլպատված լինի: Թլպատումը եզդիների համար նույնն է, ինչ մկրտությունը հայերի համար: Թլպատման մասին հիշատակվում է եզդիական բազմաթիվ աղոթքներում: Եզդիական կրոնի վկայության աղոթքում ևս հիշատակվում է եզդիների թլպատումը:
…Vavartin ji kafira,ji şerîatê, Havêtine ser pişka Şêxê sunetê…
….Հեռացրել են մեզ անհավատներից և անաստվածներից, Տարել են մեզ թլպատման, Շեյխ, ամբոխի մոտ…
Ահա այս աղոթքի վերոնշյալ տողերում լավագույնս երևում է, թե ինչ նշանակություն ունի թլպատումը եզդիական կրոնում և որքան կարևոր է այն: Ամեն եզդի երեխա ծնվելուց հետո թլպատվում է ընտանիքի շեյխի կողմից: Հայերի շրջանում և հատկապես Արևելյան Հայաստան տեղափոխված եզդիներն այս ծիսակարգն իրականացրել են միայն մահից հետո: Արևելյան Հայաստան տեղափոխված եզդիները, տեսնելով, թե ինչպիսի անմարդկային վերաբերմունքի են արժանացել հայերը մահմեդականների կողմից (մահմեդականները ևս թլպատվում են, և ըստ եզդիական կրոնական ավանդությունների` նրանք այդպես են անում, որպեսզի նմանվեն եզդիներին՝ Խոդեի կողմից ընտրյալ ժողովրդին) սկսում են նորածիններին չթլպատել, որպեսզի բարեկամ հայ ժողովուրդը նրանց տարբերի անհավատ մահմեդականներից: Եզդիական ցեղի ցեղապետ Ջահանգիր աղան, ով պատմական դերակատարություն և ներդրում է ունեցել հայ-եզդիական բարեկամության ամրապնդման գործում, եղել է Զորավար Անդրանիկի զինակից ընկերը, ի նշան այդ բարեկամության` որոշում է կայացրել, որ թեև թլպատումը շատ կարևոր արարողություն է եզդիների համար, այնուամենայնիվ, այն կարելի է իրականացնել եզդու մահվանից հետո` մինչ հողին հանձնելը, որպեսզի նա հանդերձյալ կյանք մտնի որպես լիակատար եզդի:

Հեղինակ` Բորիս Մուրազի

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*