Եզդիներ

Եզդիները (ինքնանվանումը՝ էզդի) իրանալեզու ժողովուրդ են, որոնք հատուկ դավանանքի են պատկանում: Եզդիների կրոնը կոչվում է Շարֆադին, և նրանք հավատում են միակ Աստծուն։ Եզդիները Միջագետքի այն եզակի ժողովուրդներից են, որ ունեն իրենց յուրօրինակ մշակույթը և կրոնը, որ պահպանում են հազարամյակներ շարունակ: Եզդիների կրոնական օրացույցի համաձայն՝ այս տարի 6765 թվականն է: Եզդիները տարբերվում են հարևան մահմեդական ժողովուրդներից իրենց բարքերով և ազատություններով:
Ցավալի է, սակայն, պետք է նկատել, որ բավական քիչ պատմական փաստեր են հայտնի եզդի ժողովրդի մասին: Եզդիները վարել են ինքնամփոփ կյանք և հարևան ժողովուրդներին կամ իրենց տարածքներ այցելող հետազոտողներին տեղեկություններ չէին տրամադրում իրենց մասին:
Դժվար է ասել, թե նախկինում քանի եզդի է ապրել աշխարհում, և այսօր քանի եզդի կա աշխարհի տարբեր երկրներում: Շատ վիճելի են տեղեկությունները եզդիների թվի մասին, և ներկայացվող թվերը արժանահավատ չեն: Օրինակ, 2013 թվականին Իրաքի իշխանությունները նշում էին, որ Իրաքի եզդիաբնակ Շանգալ մարզում ապրում է մոտ 200 հազար եզդի և ոչ ավելի, սակայն մի քանի ամիս անց, երբ «Իսլամական պետություն» խմբավորումը հարձակվեց նույն մարզի վրա, այդտեղից գաղթի ճամփան բռնեց ավելի քան 450 հազար եզդի:
Թուրքիայում ապրող եզդիների թվաքանակի մասին հետաքրքիր տեղեկություն է հայտնում հայ մեծանուն գրող և մանկավարժ Խաչատուր Աբովյանը: Եզդիներին նվիրված իր «ԵԶԴԻՆԵՐ» աշխատության մեջ Աբովյանը նշում է, որ Թուրքիայում ապրում էր մոտ 200 հազար եզդի ընտանիք:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ եզդիական ընտանիքները հիմնականում նահապետական էին, կարելի է եզրակացնել, որ 1840-ական թվականներին միայն Թուրքիայի տարածքում ապրում էր ավելի քան 1 մլն եզդի: Պետք է նկատել, որ այս թվերը ներկայացնելիս Աբովյանը հաշվի չի առել Իրաքի Մոսուլ քաղաքի շրջակայքում ապրող եզդի ընտանիքներին: Վստահաբար կարելի է ասել, որ Իրաքի եզդիաբնակ մարզերում ավելի մեծ թվով եզդիներ էին բնակվում, քանի որ Շեյխանը, Շանգալը և Դուհոկը պատմական եզդիական մեծ բնակավայրեր էին:
Այժմ, ըստ պաշտոնական տեղեկությունների, Իրաքում բնակվում է մոտ 2 մլն եզդի, իսկ աշխարհի այլ երկրներում բնակվող եզդիների ընդհանուր թիվը կազմում է 1 մլն: Ընդհանուր առմամբ, աշխարհում ապրում է ավելի քան 3 մլն եզդի: Թուրքիայում, որտեղ, ըստ Աբովյանի տվյալների, բնակվում էր մոտ 1 մլն եզդի, այժմ եզդիներ գրեթե չեն բնակվում: Այսօր, բացի եզդիների պատմական հայրենիքից, որը գտնվում է Իրաքի հյուսիսում, եզդիներ են բնակվում ԱՄՆ-ում, Սիրիայում, Հայաստանում, Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում, Բելառուսում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեդիայում, Կանադայում, Իրանում, Վրաստանում, Նորվեգիայում, Ղազախստանում, Գերմանիայում, Թուրքիայում, Բելգիայում և այլ երկրներում:
Մինչև վերջին տարիները եզդիները ապրում էին ցեղային բաժանումներով, և յուրաքանչյուր ցեղ ձգտում էր ապրել անկախ կյանքով: Օսմանյան Թուրքիայի տարածքում եզդիներին մի քանի անգամ հաջողվել է ստեղծել իշխանություններ, սակայն համախմբված չլինելու և ազգային մտածողություն չունենալու հետևանքով այդ իշխանությունները երկար տարիների կյանք չէին ունենում: Պետք է նկատել, որ մինչ Օսմանյան կայսրության շրջանը եզդիական ամենահայտնի իշխանությունը Միր Ջաֆար Դասնու իշխանությունն էր, որը ներառում էր ավելի քան 50 հազար քկմ: Դասնու իշխանության կենտրոնը համարվում էր Դուհոկ քաղաքը, որն այժմ լիովին եզդիաթափվել է: Միր Ջաֆար Դասնու իշխանությունը հիմնվել է 9-րդ դարում: Եզդի առաջնորդին հաջողվել էր բավական ուժեղ իշխանություն ստեղծել, սակայն, ի վերջո, նա պարտություն կրեց, քանի որ Արաբական խալիֆայությունը եզդիական իշխանության դեմ կենտրոնացրեց իր ողջ ռազմական ուժը և վերջ դրեց եզդիական իշխանությանը:
Միր Ջաֆար Դասնուց հետո հիմնադրվել են մի քանի եզդիական իշխանություններ ևս, սակայն նրանք էլ երկար տարիների կյանք չեն ունեցել: Պետք է նկատել, որ իրենց զենքի ուժի շնորհիվ եզդիական ցեղերը Օսմանյան Թուրքիայում բավական անկախ կյանքով էին ապրում և հրաժարվում էին հարկեր վճարել կենտրոնական իշխանություններին: Եղել են նաև մի քանի հայտնի եզդի իշխաններ, որոնց տիրապետության տակ էին գտնվում բավական մեծ ոչ եզդիաբնակ տարածքներ: Նման իշխաններից մեկի մասին գրել է հայ գրող Րաֆֆին: Նա իր հեղինակած աշխատանքներում հաճախ էր անդրադառնում եզդիների կյանքին: Րաֆֆին իր «Ջալալեդդին» վիպակում նշում էր, թե ինչ քաջության տեր են եզդիները և ինչպես են տրամադրված հայերի նկատմամբ: Րաֆֆին նշում էր, որ 19-րդ դարի վերջին հայ ֆիդայիները Արևմտյան Հայաստան էին ներթափանցում Մակուի խանության վրայով: Իր աշխատություններում Մակուի եզդի խան Թեմուրին Րաֆֆին անվանում էր Միր Մասում և նշում, որ ժամանակին հայկական պատվիրակությունը երկու անգամ հանդիպման է գնացել Թեմուր խանի հետ և որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել հայերի ընդվզմանը աջակցելու հարցում: Թեմուր խանը եզդիների Սառթի ցեղի ներկայացւցիչ էր, ում ծնողներին ժամանակին սպանել էին մահմեդականները, և հայերին օգնելով՝ նա նաև վրեժ էր լուծում մահմեդականներից:
Եզդիները, ապրելով այնպիսի տարածքներում, որոնք շրջապատված են եղել իսլամադավան ժողովուրդներով, մշտապես պայքարի մեջ են եղել հանուն իրենց ազգային կրոնի: Եզդիները պատրաստ էին զոհել ամեն ինչ՝ հանուն Շարֆադին կրոնի: Թալանով և սպանություններով ուղեկցվող իրենց արշավանքները հիմնավորելու համար մահմեդականները եզդիներին անվանում էին անհավատներ և ասում, որ Ղուրանի պահանջն է՝ սպանել եզդիներին: Հաճախ են արաբ խալիֆաները և թուրք սուլթանները եզդիներին առաջարկել դավանափոխ լինել, սակայն նրանց միայն բռնի ուժով է հաջողվել կրոնափոխ անել եզդիների մի հատվածին: Եզդիների նվիրվածությունն իրենց ազգային կրոնին նկատել է նաև հայ մեծանուն գրող և մանկավարժ Խաչատուր Աբովյանը: Աբովյանը Ռուսական կայսրության համար եզդիների մասին գրած իր զեկույցում նշում է. «Եզդիներին վիճակվեց ավելի սոսկալի ճակատագիր, որովհետև ստիպված եղան հրաժարվել իրենց հավատից: Հերոսաբար կռվում էին նրանք բոլոր ժողովուրդների համար էլ, նվիրական սեփականության համար էլ, և բազմաթիվ զինվորներ կնքեցին իրենց մահկանացուն՝ նահատակվելով հայրերի հավատի համար, մյուսները ստիպված եղան մահմեդականություն ընդունել…»,- գրել է Խաչատուր Աբովյանը:
Կրոնափոխ եղած եզդիները հետագայում ձուլվեցին քրդերի հետ, որի հետևանքով էլ շատերը սկսեցին խոսել այն մասին, թե քրդերն ու եզդիները միևնույն ժողովուրդն են: Այս տեսակետը պնդողները ասում են, որ նախկինում բոլոր քրդերը եղել են եզդիներ և, իսլամ ընդունելով, հեռացել են իրենց արմատներից: Իրականությունն այն է, որ ոչ բոլոր քրդերն են եղել եզդիներ. քրդերի մեջ կան նաև նախկին հայեր, ասորիներ, հույներ և այլ ժողովուրդներ, որոնք սրի ուժով իսլամ են ընդունել:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*