Եզդիների կրոնը

Եզդիների կրոնը` Շարֆադինը, փակ կրոնական համակարգ է: Բավական երկար ժամանակ եզդիներն այն գաղտնի են պահել ու ոչինչ չեն պատմել այդ կրոնի մասին այլադավաններին: Մահմեդականներով շրջապատված տարածքում բնակվելու, մշտապես գոյության կռվի կիզակետում գտնվելու, պատմության քառուղիներում հաճախ «լինել-չլինելու» գերխնդրի առջև կանգնած լինելու հանգամանքները այս հավատքի և այն կրող դավանանքային խմբի շուրջ ձևավորել են գնահատականների թերևս ամենահակասական ու տարողունակ սպեկտրը: Եզդիները իրենց կրոնական պատկանելիության համար հաճախ են ենթարկվել հալածանքների այլադավանների, մասնավորապես՝ մահմեդականների և քրդերի կողմից: Տարածված կարծիքի համաձայն՝ եզդիական կրոնը բանավոր ավանդազրույցների վրա հիմնված պատկերացումների համակարգ է: Սակայն այս տեսակետը իրականությանը չի համապատասխանում, քանի որ եզդիները ունեն երկու սուրբ գիրք` «Մասաֆա ռաշ» և «Քտեբա Ջլվայե», որոնք պահպանության տակ են Իրաքի եզդիաբնակ հատվածում գտնվող Լալեշ սրբավայրում: Եզդիների նկատմամբ կիրառվող հալածանքները արդարացնելու համար մահմեդականները նշում էին, թե եզդիները սատանայապաշտ են: Այս բացատրությունը չի դիմանում անգամ ամենաչնչին քննադատությանը, քանի որ եզդիների կրոնից փոքր-ինչ տեղեկացված մարդը գիտի, որ եզդիները պաշտում են միակ Աստծուն, որին Խոադե են ասում: Եզդիական կրոնում Աստված ամենազոր է և ամենաստեղծ: Ըստ Շարֆադին կրոնի՝ Աստված սկզբում ստեղծել է հրեշտակներին: Հրեշտակներից առաջինը Մալաքե Թաուսն (Ազրաիլ) է, որը ստեղծվեց կիրակի օրը և նշանակվեց մյուս վեց գլխավոր հրեշտակների ղեկավարը: Եզդիների մոտ կիրակին շաբաթվա առաջին օրն է: Մյուս հրեշտակները Խոադեի կողմից ստեղծվեցին հետևյալ հերթականությամբ.

երկուշաբթի` Դարդաիել

երեքշաբթի` Իսրաֆիլ

չորեքշաբթի` Միքաիլ

հինգշաբթի` Ջաբրաիլ

ուրբաթ` Շամնաիլ

շաբաթ` Թուրաիլ

Հրեշտակների արարումից հետո Խոադեն ստեղծեց առաջին տղամարդուն և Մալաքե Թաուսին հրամայեց ստեղծել կնոջը, որպեսզի տղամարդը մենակ չմնա և չտխրի: Մալաքե Թաուսը ստեղծեց առաջին կնոջը:

Եզդիական կրոնի սուրբ գրքերը գրվել են Շիխադիի գալստյան ժամանակ: Մենք ներկայացրեցինք եզդիների կրոնի գլխավոր յոթ հրեշտակներին և նրանց արարչին՝ Խոադեին, սակայն կան նաև այլ հրեշտակներ: Բացի յոթ հրեշտակներից, Շարֆադինում գոյություն ունեցող մյուս հրեշտակներն են. Նասրդին, Շեխուբաքր, Հզմաման, Շարֆադին, Սորե Սորա, Մուավիա, Մամը Ռշան, Շեխ Մանդ, Գավանե Զարզա, Մալակ Զյդին, Իսեբիա, Ճարա Պիրա Ֆատ, Շեխ Ալե Շամս, Ջն Տայար, Օմար Խալա, Մամե Շվան, Խաթունա Ֆարխան, Դավրեշե Արդ:

Եզդիների կրոնն էլ, ինչպես մյուս կրոնները, ունի իր դոգմաները: Ըստ եզդիական կրոնի՝ եզդի ծնվում են, և ոչ մի դեպքում այլադավանը կամ իր կրոնը փոխած եզդին չի կարող կոչվել եզդի և պատկանել Շարֆադին կրոնին: Երբ երեխայի ծնողներից մեկը այլադավան է, նույնիսկ նրանցից ծնված երեխան եզդի չի համարվում: Այստեղից էլ գալիս է կրոնական դոգման, ըստ որի՝ եզդին իրավունք չունի ամուսնանալ այլադավանի հետ: Չնայած եզդիները ապրել են մահմեդականների միջավայրում, սակայն Շարֆադին կրոնում եզդի կինը հարգված է, և տղամարդը իրավունք չունի բռնանալու կնոջ նկատմամբ: Ավելին, Շարֆադին կրոնի հետևորդ կանայք իրենց ամուսնու մեկամյա բացակայության դեպքում կարող են չընդունել ամուսնուն, և դրա համար ոչ ոք չի կարող նրանց մեղադրել: Եզդիների կրոնը ունի նաև դոգմաներ, որոնք տարածվում են սննդի օգտագործման վրա: Եզդիների կրոնական գրքում ասվում է, որ եզդուն արգելվում է ուտել հազար, լոբի, ձուկ և աքլորի միս:

Խոադեն երկրի վրա ունեցել է երեք ներկայացուցիչ-տեղապահներ՝ Մալաքե Թաուսը, Շիխադին և Կարմիր Սլթան Եզդին: Ըստ Շարֆադին կրոնի՝ Խոադեն նրանց միջոցով է իր խոսքը հասցրել իր ընտրյալ ժողովրդին՝ եզդիներին:

Բորիս Մուրազի «Էզդինամե» աշխատություն, Երևան 2015

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*